ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Այսօր ես մեր ազգը հոգևոր քաղցկեղային վիճակի մեջ եմ տեսնում»

«Այսօր ես մեր ազգը հոգևոր քաղցկեղային վիճակի մեջ եմ տեսնում»
03.10.2008 | 00:00

«ԻՆՔՆԱՍԱՆՁԱՀԱՐՈՒՄՈՎ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ»
Վերջերս հայաստանյան մարզական ֆեդերացիաների ընտանիքը համալրվեց ևս մեկով. սեպտեմբերի 18-ին իր «ծննդյան վկայականը» ստացավ «Հայկական Սինդո-րյու կարատեի» ֆեդերացիան: Կարատեն, լինելով արևելյան մարտարվեստ, շռայլորեն ներկայացված է մեր հանրապետությունում, և առաջին հայացքից թվում է՝ արտառոց չպետք է համարել ևս մեկ մարտաոճի ծնունդը: Սակայն չշտապենք: Փաստն իրականում ավելի քան ուշադրության արժանի է, քանի որ խոսքը մարտարվեստների համաշխարհային 3-րդ փառատոնի ժամանակ (2008 թ. ապրիլ), Ճապոնիայում, որպես հայկական մարտաոճ ճանաչված մարտարվեստի մասին է: Մարտաոճի ստեղծող ՀԵՆՐԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ խոսքերով՝ «հայկական հոգուց մղված մարտաոճ է, հայկական հոգևոր մարտարվեստի ուղի»: Իսկապես պատվաբեր է ճապոնական դպրոցի կողքին կարատեի հայկական դպրոց ստեղծելը: Ընդ որում` մարտարվեստների վերոնշյալ գարնանային փառատոնի ժամանակ մարզադահլիճում հենց այդպես էլ հայտարարվել է. «Armenian Karate».
Սույն փաստն է՛լ ավելի է արժևորվում, քանի որ Հենրիկ Շահբազյանն այդ հիմնադիր քայլին դիմել է Ճապոնիայի կայսերական պալատի անդամ, ճանաչված վարպետ Կիտանո Տակաոյի առաջարկությամբ:
Ոչինչ ոչնչից չի ստեղծվում: 2000 թվականից Հենրիկ Շահբազյանը ղեկավարում է «ԿԵՆՊՈ» բուժամարզական արվեստագիտական ակումբը, որի նշանաբանն է. «Ինքնասանձահարումով դեպի կատարելության ուղի», և որի հիմքի վրա էլ ստեղծվել են նոր մարտաոճն ու նոր ֆեդերացիան:
Մեր թղթակիցը հանդիպեց Հենրիկ Շահբազյանի հետ և զրուցեց նորաստեղծ հայկական մարտաոճի, «ԿԵՆՊՈ» ակումբի և հարակից այլ հարցերի շուրջ:
-Պարոն Շահբազյան, նախ ներկայացեք, խնդրեմ, մեր ընթերցողին, պատմեք Ձեր մասին:
-Ծնվել եմ 1950 թ. փետրվարի 14-ին՝ Երևանում, Զանգվի ձորում, ջրի ափի քարանձավներից մեկում «ապաստանած» գետնափոր տնակում: (Ի դեպ, ամրակազմ և առաքինի իմ զրուցակիցն այսօր ընտանյոք հանդերձ ապրում է փոքրիկ հողամասում կառուցած հյուղակում - Գ. Մ.): Մշեցու գենից եմ սերված: Հայրս քարեղեն, քարագործ, ուժեղ մարդ էր: Ես էլ մանկուց իմ մեջ միշտ ուժ եմ զգացել: Անկեղծ ասած, երբեք դեպի մարտարվեստը հակում չեմ ունեցել, չնայած ժամանակի ընթացքում հրապուրվեցի սամբո մարզաձևով, հետո անգլիական բռնցքամարտով: Այնուհետև եկավ կարատեի ժամանակաշրջանը կամ մոդան, երբ բոլորը` մեծից փոքր, տարվեցին այդ մարզաձևով: Այս ամենի մեջ ես վտանգավոր բան էի տեսնում` բուդդայական ինչ-որ մի բան, որն անպայման մեզ կշեղեր քրիստոնեությունից, մեր դավանանքից, որը դեռ մանկուց իմ մեծերն իմ մեջ սերմանել էին: Ինձ համար վճռորոշ եղավ հանդիպումը մի հույն մարզչի հետ, որը մասնագիտությամբ բժիշկ էր` նյարդահոգեբան: Շատ հզոր անձնավորություն էր: Տեսնելով իմ մտահոգությունը՝ նա փորձեց ինձ ուղղորդել դեպի մարտարվեստը, հուշելով, որ ես կարող եմ այդ ճանապարհը ճիշտ տանել: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ այդ ճանապարհն ինքս ճիշտ ընկալեի և հասկանայի: Չեմ թաքցնում, շատ արագ մեծ թռիչքներով արդյունքների հասա: Մասնավորապես, այսօր ճապոնական երկու դպրոցների 5-րդ դան ունեմ և այժմ աշխատում եմ 6-րդի վրա:
-Հենրիկ Շահբազյանը և նրա աշակերտները մշտապես իրենց կրծքին փայտե խաչ են կրում: Քրիստոնեական խաչը Ձեզ վրա էր նաև ռազմի դաշտո՞ւմ, երբ Դուք, Ձեր իսկ խոսքերով, գտնվում էիք կրակի տակ:
-Պատերազմի մասին խոսելիս ես միշտ խորապես տխրում եմ, որովհետև մեր օջախից սիգապանծ տղաներ ենք կորցրել` եղբորս և քրոջս որդիներին` Վալիկոյին ու Վալերիին: Այո, խաչն ինձ վրա էր, և, լինելով քրիստոնյա, երբեք չեմ փորձել սպանել թշնամուն` նրա միջի մարդուն: Սա է իմ մարտարվեստի ճանապարհը, իմ անձնական դպրոցի ճանապարհը. «Ոչնչացնել ագրեսորի ներսի ագրեսիան, ոչ թե ագրեսորին»:
-Մինչև կարատեի հայկական մարտաոճն ստեղծելը, դեռևս 2000 թ., Դուք հիմնել էիք «ԿԵՆՊՈ» բուժամարզական արվեստագիտական ակումբը, որը, ի դեպ, շատ խորիմաստ խորհրդանիշ ունի: Նշանաբանն էլ բավական ուղղորդող է՝ «Ինքնասանձահարումով դեպի կատարելության ուղի»:
-Սկզբում հենց խորհրդանիշի մասին էլ կպատմեմ և, համոզված եմ, այդպիսով շատ հարցերի կպատասխանեմ: Դա մի շրջանագիծ է, որը խորհրդանշում է երկրագունդը: Բաժանված է երկու մասի. վերևում լույսն է, ներքևում` մութը, մեղավոր հատվածը: Միջին հատվածում մարդն է, որը նստել է գազանի մեջքին և խոհուն ու խաղաղ հայացքով պատռում է գազանի երախը: Գազանը ֆիզիկական ուժով, բնականաբար, մի քանի անգամ գերազանցում է մարդուն, սակայն վերջինս իր հետ խաչ ունի և, վստահելով Տիրոջ զորությանը, հաստատակամորեն պատռում է գազանի երախը: Մի կարևոր հանգամանք նշեմ. և՛ մարդը, և՛ գազանը մենք ենք: Գազանը խորհրդանշում է մեր միջի ամենաահավոր հատկանիշները: Ըստ էության, մարդը պատռում է ինքն իր երախը, նա ինքնասանձահարման, ինքնախարազանման, ապաշխարանքի գործընթացի մեջ է: Ոչ ոք քեզ չի կարող բուժել, եթե ինքդ քեզ չհաղթես: Չպետք է սպասել, որ մեկ ուրիշը դա անի քո փոխարեն:
-Ակումբը կոչվում է բուժամարզական արվեստագիտական…
-Նախ ասեմ` ինչու արվեստագիտական: Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդու մեջ ես ձգտում եմ աստիճանաբար հայտնաբերել արվեստագիտական հատկանիշներ (երաժշտի, բանաստեղծի, նկարչի և այլն) և դրանք զարգացնել: Ընդ որում, բուժամարզական ճանապարհն աստիճանաբար պետք է անցնել: Մենք, նախ, բուժական ընթացք ենք անցկացնում, վերակարգավորում ենք հոգին ու ֆիզիկական հատվածը, այնուհետև զգուշությամբ անցում ենք կատարում դեպի մարզական հատվածը: Այստեղ խորագիտական մոտեցում պետք է ցուցաբերել. այսինքն՝ պետք է հաշվի առնել մարդու մարմնական և հոգեբանական կառուցվածքը, սոցիալական վիճակը, տարիքը, նյարդային տեսակը, այնուհետև ընտրել մարզման ոճը: Շեշտեմ, որ մարզումների արդյունքում մենք ապաքինում ենք տարեց հիվանդ կանանց ու տղամարդկանց, շնորհիվ մեր մեթոդի կարողանում ենք նրանց շատ արագ հետ բերել դեպի երիտասարդություն, և նրանք տոկունություն են դրսևորում: Ի դեպ, անցած տարի այս մասին ես պատմեցի վարպետ Կիտանո Տակաոյին, երբ Ճապոնիայում մեր փոքրիկ խմբով հյուընկալվել էինք նրա մոտ: Այնտեղ հանդիպեցինք մի ուշագրավ ճապոնուհու, որը տարիքի հեռու գնացած վիճակի պարագայում չափազանց երիտասարդ կենսաբանական տարիք ուներ: Ասել է թե` բավական կայտառ էր և ուժեղ: «75 տարեկան է այս 25 տարեկան աղջիկը», - ներկայացրեց Կիտանո վարպետը: Այդ պահին ես մի տեսակ խանդի զգացում ունեցա, որ 75 տարեկանում այդ կինն այդքան կենսախինդ է, իսկ մեզ մոտ 25 տարեկանում կանայք կարող են արդեն 75 տարեկանի հոգեբանությամբ ապրել: Սիրտս ցավում է դրա համար: Հայուհին պետք է ավելի հզոր լինի:
-Պարոն Շահբազյան, բավական հետաքրքիր թեմաների շուրջ ենք զրուցում: Իսկ այժմ եկեք անդրադառնանք կարատեի հայկական մարտաոճի ստեղծմանը:
-Սիրով: Նախ՝ կցանկանայի պարզաբանել, որ ես բնաբույժ եմ, լավ ուսումնասիրել եմ կենսաբանությունը, անցել եմ յոգայի բոլոր դպրոցները, լավ ճանաչում եմ մարմինը և գիտեմ` ինչպես ներազդել մարդու համապատասխան կետերի վրա: Իմ աշխատանքը հիմնականում այդ սկզբունքի վրա է հիմնված. ազդել հակառակորդի թույլ կետերի վրա: Բոլորը ձգտում են ճապոնական հնարքներով բարձր որակներ դրսևորել, իսկ մենք ներկայացնում ենք հայկական դպրոցը, որը բաղկացած է տարիների ընթացքում հաջողությամբ կիրառված հնարքներից: Ես դրանք միավորել եմ և հասկացել, որ այդ համալիրը կարելի է ձևավորել որպես հայկական հոգուց մղված մարտաոճ` հայկական կարատե: Այն հայի հոգուն բնորոշ ձև է: Այստեղ ոչ վախկոտն է նստած, ոչ էլ ագրեսորը: Այլ մարդուն մեծահոգաբար խաղաղեցնելու, հանգստացնելու, միջի ագրեսիան հանելու, չսպանելու գաղափարն է գերիշխում: Սա շատ նման է Կիտանո վարպետի դպրոցին, և նա, մատնանշելով մեր մարտաոճերի հոգեվիճակների, մտքերի բովանդակության նմանությունը, հորդորեց, որ մենք մեր մարտարվեստը Համաշխարհային փառատոնում ներկայացնենք որպես յուրօրինակ հայկական մարտաոճ: Փաստորեն, նա համոզվել էր, որ մեր մարտարվեստն ամբողջական է: Մեծ փութով և ոգևորությամբ լծվեցինք աշխատանքի, լավագույնս նախապատրաստվեցինք և գարնանը Ճապոնիայում տեղի ունեցած մարտարվեստների համաշխարհային 3-րդ փառատոնում կարողացանք շարժել աշխարհի բոլոր վարպետների հիացմունքը, արժանանալ նրանց գովեստի խոսքերին:
-Հայաստանի պատվիրակությունը փառատոնում ինչպիսի՞ արդյունքներ արձանագրեց:
-Մենք մեր փոքրիկ խմբով բարձր արդյունքներ ցույց տվեցինք, գավաթներ շահեցինք, արժանացանք պատվավոր տիտղոսների, հավաստագրեր ստացանք: Եվ ես հպարտ եմ, որ այնտեղ` Ծագող արևի երկրում, ամբողջ աշխարհն էր ծափահարում արևավառ Հայաստանին, հայկական դրոշին: Ինձ համար շատ կարևոր էր, որ հայի կերպարը ներկայացրինք ողջ աշխարհին, հայի ոգու ուժն ու տոկունությունը, նրա ֆիզիկական հզորությունը: Սեմինարի ժամանակ եղավ մի դիպված, որն աշխարհի տարբեր ծագերից ժամանած 700 մասնակիցների համար ավելին էր, քան հրաշքը: Ֆրանսիացի մարզիկներից մեկն անհաջող անկում կատարեց և մահացավ: Մինչ բոլորը շփոթված ու շվարած կանգնել էին, իսկ ճապոնացի բժիշկները մոտ 20 րոպե անընդհատ անարդյունք մերսումներ էին կատարում ու թթվածին էին տալիս, ես և իմ տղաները` Սարգիսս, Զավենս, Գրիգորս, գտնվելով 3 մետր հեռավորության վրա, սկսեցինք աղոթել ֆրանսիացի մարզիկի հոգու համար, և նա շուտով վերակենդանացավ: Ճիշտ է, մի պահ հետո նորից մահացավ, սակայն մենք` վստահ լինելով, որ մեր աղերսը տեղ կհասնի, Տերը նրան հետ կբերի, շարունակեցինք ծնկած աղոթել և կրկին վերակենդանացրինք մահացածին: Համադա Վարպետը, ով տեղի կուռքն էր համարվում և ինքն էլ էր հոգևոր ճանապարհի վրա հաստատվել, հասկացավ ու գնահատեց ամեն ինչ: Նա հրահանգ տվեց, որպեսզի բոլորը ոտքի կանգնեն, շարվեն (բնականաբար` դեմքով դեպի արևելք) և, երախտապարտ հայացքով սահելով մեր վրայով, հայտարարեց. «Ձեր աղոթքների միջոցով մահացածը հետ եկավ: Մենք բոլորս պետք է աղոթենք այդ մարդու հոգու համար»: Բոլորն աղոթեցին, շատերը խաչակնքվեցին, այդ թվում նաև՝ մարտային կանայք: Շուտով ապշահար ու շփոթված մթնոլորտը հօդս ցնդեց` իր տեղը զիջելով համընդհանուր խանդավառությանն ու ծափողջյուններին: Ձևավորված մթնոլորտն իմ երազած մարդկային հարաբերության որակն էր, երբ մարդիկ միմյանց նայելիս ժպտում ու ողջագուրվում են…
-Անշուշտ, բավական արտառոց և հուզիչ պատմություն է: Եվ, ընդհանրապես, մեր զրույցի ընթացքում Դուք մատնանշեցիք և հավաստեցիք ոչ միայն աղոթքի, այլ նաև անկեղծ հավատքի զորությունը: Հավանաբար նկատել եք` մեր մարզիկներից շատերը մրցասպարեզ մտնելուց առաջ ջերմեռանդորեն խաչակնքում են: Ի՞նչ եք կարծում, նրանք իրենց արդյունքները զգալիորեն չե՞ն բարելավի, եթե լիարժեք քրիստոնեական հավատքի գան կամ, Ձեր խոսքերով ասած, այդ խաչակնքումը խորագիտորեն անեն:
-Անշուշտ, սա հիմքերի հիմքն է: Եվ մենք այդ նպատակով ապագայում ակադեմիա հիմնելու մտադրություն ունենք:
-Ակադեմիան ի զորո՞ւ է կատարելու այդ առաքելությունը:
-Մենք արդեն վաղուց կատարում ենք այդ գործը: Անշուշտ, ակադեմիայի օգնությամբ, որը հնարավոր է կոչենք «Հոգևոր ուղղորդության կամ հոգեկրթության և մարմնակրթության ակադեմիա», ավելի համակարգված ու արդյունավետ կաշխատենք: Եվ, վերջին հաշվով, չպետք է մոռանալ, որ այս գեղեցիկ սիրո մոլորակն Աստված տվել է, որ բոլորս իրար սիրենք…
Զրուցեց Գևորգ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7151

Մեկնաբանություններ